Lyrics

Երբ օրերն անցած ճանճի պես մեխվում են քո օրացույցի դեղին էջերին, ամիս առ ամիս անիմաստ թափվում են տերևների պես քո կյանքի ծառից: Երբ ժամացույցի լարված զսպանակը կացինն է ճոճում քո պարանոցին, անցյալը դանդաղ իմաստազրկվում է, ներկան էլ թմրած' քո ոտքի տակին: Կյանքը անիմաստ իմաստազրկվում է, երբ վերածվում է անվերջ պայքարի, պայքարն էլ, ավաղ, իմաստազրկվում է, երբ վերածվում է կյանքի իմաստի: Իմաստը կորցրած դատարկ պատվանդանը սպասում է հաջորդ կուռքի քանդակին, երբ տապալվում է կանգնած արձանը, ժամանակը միշտ վիժում է նորին: Փողոց ու այգի իմաստազրկվում են իմաստազրկված քաղաքի մեջքին, տները նույնպես իմաստազրկվում են, Երբ վերածվում են ապաստարանի: Խոսքը շատ վաղուց իմաստազրկվել է, ծամվել երախում բյուր ժողովների, իմաստը նույնիսկ իմաստազրկվել է' այն վազքի նման, որ ավարտ չունի: Ձեռքերը պարապ իմաստազրկվում են, ամեն օր դարձավ տխուր կիրակի, գլխուղեղիդ մեջ օրեցօր մեխում են պատճառները բյուր առանց պատճառի: Անիմաստության խորտակվող իմ նավը նորից փրկության ափին է զարնվում, երբ վերարկույով քնած զավակներս մեկ-մեկ արթնանում ու ինձ են նայում: Նրանց աչքերի առկայծող լույսերը ոգուս սառույցի կեղևն են փշրում, անկարողության պոկում կապանքները, և կյանքս նորից իմաստավորում:
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out