Lyrics

Հիմա հասկացա, կարևորը կանգառն է: Ճանապարհը' միայն կետերի միացում: Շնչում է դեմքիդ քրտնած կայարանը, Մեզ կուլ է տալիս և դուրս շպրտում: Սեղմված են իրար դատարկ ճամպրուկները, Յուղոտ բաժակները' սեղանին դողում, Իրարից զզված ուղեւորները, Ինչ որ անիմաստ ստեր են փչում: Ճանապարհը քո ընթացող խաբկանքն է, Առջևում' միայն անհայտություն: Երբ քո փողոցից մարդիք վերանում են, Դու փնտրիր նրանց ուրիշ քաղաքում: Անցյալը ճզմած քո լաթերի մեջ կախում ես մեխից, Հե՜յ, ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից: Քո ճամպրուկն էլ, խենթ, ջութակի պատյանն է: Քեզ ճանապարհին ոչ ոք չի սպասում: Որոնում ես այն կապույտ քաղաքը, Որտեղ երազները չեն գողանում: Դու հիմա հասկացար, կարևորը կանգառն է, Ճանապարհը' երկու կետերի միացում: Անշարժությունից զզված ընթանում ես, Քաղաքից քաղաք, ուր քեզ չեն սպասում: Պառկած ես անշարժ փայտե մահիճին' դողալով ցրտից: Հե՜յ, ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից: Դու հիմա հասկացար, կարևորը կանգառն է, Ճանապարհը' երկու անհայտի միացում: Շնչում է դեմքիդ քրտնած կայարանը, Մեզ դուրս է նետում, ետ չի ընդունում: Երգն էլ, մի տեսակ, կետերի միացում է, Խոսքերը' կցած իրարու գնացքներ, Բեմն էլ անձրևոտ դատարկ կայարան է' Ուր ջութակը քո' հարբած ուղեւոր: Անցյալը ճզմած քո լաթերի մեջ կախում ես մեխից, Հե՜յ, ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out